Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Երբ արվում է ինչ-որ բան, որն այդ պահին ընդունված ստանդարտներից դուրս է, անխուսափելիորեն ծնում է հակասական կարծիքներ»

«Երբ արվում է ինչ-որ բան, որն այդ պահին ընդունված ստանդարտներից  դուրս է, անխուսափելիորեն ծնում է հակասական կարծիքներ»
03.05.2013 | 11:55

«Իրատես de facto»-ի հյուրն է դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր, հեքիաթագիր ԱՐՄԻՆԵ ԱՆԴԱՆ: 2012 թվականի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հայկական ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված Միքայել Վաթինյանի հեղինակային` «Ժաննան և ձայները» ֆիլմի գլխավոր դերակատարը, սցենարի համահեղինակն ու պրոդյուսերն է Արմինեն: Ֆիլմ, որն արժանացավ հայ հանդիսատեսի հակասական ընդունելությանը: Այդ և այլ թեմաների է անդրադառնում մեր զրույցը:


-Արմինե, արվեստի տարբեր ոլորտներում ես ստեղծագործում, սակայն հասկանալի է, որ ստացել ես կոնկրետ կրթություն, ունես կոնկրետ մասնագիտություն: Պատմի՛ր, խնդրեմ, այդ մասին:
-Ես սովորել եմ Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Մեր հիմնական առարկան կոչվում էր «Ռեժիսուրա և դերասանի վարպետություն»: Մենք անում էինք բեմադրություններ և ինքներս էլ խաղում դրանցում: Այսինքն` և՛ ռեժիսոր էինք, և՛ դերասան: Ծրագիրն ինքնին հետաքրքիր էր մտածված: Իմ բախտը բերեց նաև համակուրսեցիներիս հարցում: Նրանցից մեկը Միքայել Վաթինյանն էր` «Ժաննայի…» ռեժիսորը: Բայց հետո ես ավելի շատ որպես դերասան եմ դրսևորվել: Ռեժիսուրայով զբաղվել ու հիմա էլ զբաղվում եմ միայն երեխաների հետ:
-Հավանաբար նկատի ունես քո հեղինակային` «Բլյում-բլյում պատմություններ» հեռուստահաղորդաշարը, որ տարիներ առաջ եթեր էր հեռարձակվում` երեխաների մասնակցությամբ:
-Այո՛, և՛ դա նկատի ունեմ, և՛ իմ այսօրվա աշխատանքը «Այբ» դպրոցում, որտեղ շատ շնորհալի երեխաների հետ բեմադրություններ եմ անում: Հիմա աշխատում ենք մի ներկայացման վրա` «Փոքրիկ իշխանի» թեմայով: Որպես ռեժիսոր` ես հետաքրքրված եմ միայն երեխաների հետ աշխատանքով: Թեև չեմ կարող ասել` վաղն ինչ կլինի:
-Քո գրականությունը` «Անկիմյուրի բնակիչները» վեպ-հեքիաթը, նույնպես երեխաներին հասցեագրված գրականություն է, թեև այն հաճույքով կարդում ենք նաև մեծերս:
-Ես չէի ասի, որ իմ գրականությունը զուտ երեխաներին է հասցեագրված: Կասեի` առաջին հերթին երեխաներին է հասցեագրված: Բայց դա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է հեքիաթին` ընդհանրապես: Ես չեմ համարում, որ Ալիսը, Վինի Թուխը, Անդերսենի հերոսները միայն փոքրերին են հետաքրքիր: Հեքիաթը, ինչպես և միֆը, լեգենդը, չունի տարիքային սահմանափակում: Ես դրան հավատում եմ, բայց բոլորը չէ, որ ինձ հետ համաձայն են:
-Անկիմյուրը մի ընդգրկուն աշխարհ է` իր առանձնահատուկ կենսափիլիսոփայությամբ, իր դիտարկումներով, հայեցողությամբ և հեքիաթի օրինաչափությունից մի անսովոր շեղումով. այդ հեքիաթում չկան կամ գրեթե չկան բացասական հերոսներ: Այսինքն, մեծ հաշվով, դու կարծես թե շրջանցել ես բարու և չարի պայքարի, դրական և բացասական հերոսների բախման, հեքիաթի վերջում բարու հաղթանակի գործոնները: Եվ ինքդ էլ խոստովանում ես, որ քո ամենաբացասական նկարագիրն ունեցող հերոսին անգամ` Փափթոյին, համակրանքով ես վերաբերվում: (Արմինեի գրականությանն անծանոթ մարդկանց համար նշենք, որ նրա հեքիաթում թե՛ տեղանունները, թե՛ անձնանունները, թե՛ շատ ու շատ երևույթներ կրում են պայմանական, արտասովոր անուններ):
-Դե՜, դա միայն իմ Անկիմյուրին չէ, որ բնորոշ է: Օրինակ` «Վինի Թուխի» մեջ էլ չկա բացասական հերոս: Դրա համեմատ` իմ մեջ նույնիսկ ավելի շատ է բացասականը: Այնուամենայնիվ, կան թփաները և Փափթոն, որոնք գոնե փորձում են ինչ-որ բացասական բաներ անել, թեև դա նրանց չի հաջողվում: Նրանք ավելի շատ չարաճճի են, քան չար: Նրանց թվում է, թե իրենք չար են, բայց արդյունքում` հեքիաթի իրադարձությունների շնորհիվ, Փափթոն, օրինակ, դառնում է ավելի ունակ, ունենում նոր ձեռքբերումներ և կատարելագործվում որպես հերոս: Ես հավատում եմ, որ ամեն երեխայի մեջ էլ կա ամենամեծ պոտենցիալը, ուղղակի մեծերը ճիշտ չեն ուղղորդում երեխային դեպի այդ պոտենցիալը: Իմ կարծիքով` ամեն մի երեխա բացարձակ երևույթ է, բայց հաճախ մեծանալով` կորցնում է այդ բացարձակությունը, դառնում տարօրինակ, որովհետև տրվում է կռվի, պայքարի ռիթմին: Ես ուրախ եմ, որ իմ հեքիաթում նույնիսկ «չար» հերոսները չար չեն: ՈՒղղակի տարբերվում են մյուսներից նրանով, որ իրենց բացառիկ հատկանիշները դրսևորում են չարաճճիություններով:
-«Անկիմյուրի բնակիչները» վեպ-հեքիաթն արժանացել է «Օրանժի» մրցանակին և տպագրվել ամբողջությամբ: Այն ե՞րբ կհասնի ընթերցողին:
-Այն արդեն հնարավոր է գտնել «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» գրախանութներում, «Արտբրիջ», «Ակումբ», «Ելոու սթրիթ» սրահներում: Ընդհանրապես գիրքը մի ամբողջական տիեզերքի է նման: Գրել եմ շատ վաղուց: Սկզբում չեմ մտածել տպագրվելու մասին: Տարված էի թատերական գործունեությամբ. ինը տարեկանից երազել եմ դերասանուհի դառնալ, և ուրիշ բան ինձ չի հետաքրքրել: Այնուամենայնիվ, «Անկիմյուրի բնակիչները» հատվածաբար տպագրվում էր տարբեր ամսագրերում, ներկայացվում «Բլյում-բլյում պատմություններ» հեռուստահաղորդաշարով, 2002-ին գրքի տեսքով հրատարակվեց մի ամբողջական կտոր: Գիրքն իր տեսակով անսովոր մի բան էր մարդկանց համար, և դժվար էր այդ անսովոր, անծանոթ երևույթի համար ճանապարհ հարթել, մտածել ամբողջությամբ տպագրելու մասին: Հիմա, որպես լավագույն հեքիաթ, արժանացել է «Օրանժի» մրցանակին և 500 օրինակով հրատարակվել` իմ նկարազարդումներով: Ի դեպ, այդ նկարների հեղինակ ես համարում եմ ոչ թե ինձ, այլ իմ այս կամ այն հերոսին: Եվ հիմա ինձ համար կարևոր է տեսնել իմ գրքի շփումն ընթերցողի հետ:

-Եթե Անկիմյուրը լուսավոր, եթերային, բարի տրամադրությունների մեջ է, ապա պատկերը փոխվում է, երբ անդրադառնում ենք «Ժաննան և ձայները» կինոնկարին, որի պրոդյուսերն ես, սցենարի համահեղինակն ու գլխավոր դերակատարը:
-Ես այն կարծիքին չեմ, թե «Ժաննան և ձայները» լուսավոր ֆիլմ չէ: Եվ այս հարցի շուրջ հանդիսատեսի կարծիքը ուղղակի կիսվեց: Ցանկացած հեղինակային ֆիլմի վերաբերյալ հանդիսատեսի կարծիքը պիտի կիսվի: Դա բացառվում է միայն այն դեպքում, երբ անցնում են ժամանակներ, տվյալ ֆիլմն ունենում է իր որոշակի արժևորումը, ընդունելությունը, դիմանում ամենատարբեր փորձությունների և ստանում իր հաստատուն գնահատականը: Օրինակ` Փարաջանովի ֆիլմերի վերաբերյալ այսօր է, որ չեն կիսվում կարծիքները, որովհետև դրանք անցել են ժամանակների միջով, հարյուրավոր, հազարավոր մասնագետների կարծիքների միջով և հասել իրենց հաստատուն արժևորմանը: Այդ ֆիլմերի պրեմիերաները եղել են կատաստրոֆիկ վեճերի, հակասական կարծիքների թեմա: Չէր կարող այդպես չլինել: Այդպես լինում է բոլոր հեղինակային ֆիլմերի դեպքում, բոլոր այն դեպքերում, երբ կա խիստ ընդգծվող հեղինակային ձեռագիր: Երբ արվում է ինչ-որ բան, որն այդ պահին ընդունված ստանդարտներից դուրս է, անխուսափելիորեն ծնում է հակասական կարծիքներ: «Ժաննան և ձայները» ընդամենը մեկ օր է ցուցադրվել Երևանում` «Ոսկե ծիրանի» հայկական մրցույթում: Ես հիմա պատրաստվում եմ այն ցուցադրելու «Նաիրի» կինոթատրոնում, հունիսի 8-9-ին: ՈՒզում եմ` մարդիկ դիտեն և իմանան, թե ինչ ֆիլմ է դա, ինչու է այդքան հակասական կարծիքներ առաջացրել դիտողների մեջ, ինչպես է լինում, որ ֆիլմն ունենում է յոթ միջազգային պրեմիերա, բայց հայաստանցիները ժխտողական վերաբերմունք են ցուցաբերում նրա նկատմամբ: Համենայն դեպս, լրատվական դաշտը (ոչ` մշակութային) շատ քննադատաբար անդրադարձավ մեր ֆիլմին: Իսկ սրան հակառակ` ֆիլմը արժանացավ աշակերտական տարիքի հանդիսատեսի բավական լուրջ ընդունելությանը: Այնքա՜ն հետաքրքիր մեկնաբանություններ լսեցի 13-14 տարեկան երեխաներից:
-Քանի որ խոսեցիր միջազգային պրեմիերաներից, իրազեկենք մեր ընթերցողին, թե կոնկրետ որ քաղաքներում, որ փառատոներում է ցուցադրվել «Ժաննան և ձայները»:
-Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականին Հարավային Կորեայում` Պուսանի միջազգային կինոփառատոնում, որն այսօր Ասիայի ամենամեծ կինոփառատոնն է: Կինոփառատոնը պաշտոնապես երկու միցութային ծրագիր ունի` ասիական և միջազգային: Յուրաքանչյուր անվանակարգում ընտրվում է տասը ֆիլմ` տվյալ ռեժիսորի 1-ին կամ 2-րդ ֆիլմը: Մեր ֆիլմը ներկայացված էր միջազգային ֆիլմերի անվանակարգում: Ֆիլմի եվրոպական պրեմիերան եղավ Շվեդիայում` Գյոթեբորգի կինոփառատոնում: Այդ կինոփառատոնը նաև մեծ աջակցություն է ցուցաբերել մեզ ֆիլմի ստեղծման հարցում` սկսած դեռ նախագծային վիճակից: Իսկ հետո ֆիլմի ստեղծմանը աջակցել են նաև մեզ մոտ` ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Ոսկե ծիրան» հիմնադրամը: Սակայն մեզանում ֆիլմարտադրության գործընթացը շատ հետ է եվրոպական, ասիական արդյունավետ մեխանիզմներից, էլ չխոսենք չափանիշների մասին: Մարդիկ, ինչ խոսք, փորձում են որևէ կերպ աջակցել, բայց համակարգն ինքնին անկատար է և դեռ շա՜տ է տարբերվում եվրոպական, ասիական համակարգից: Ես իսկապես չեմ հասկանում. եթե արդեն գոյություն ունի համակարգ, որն այդ երկու աշխարհամասերում հաստատագրել է իր արդյունավետությունը, ինչո՞ւ չի կարելի հետևել այդ համակարգին և կիրառել այն մեզ մոտ: Ինչո՞ւ չունենալ կինոյի մասին օրենք, ինչո՞ւ օրենսդրորեն չկարգավորել կինոյին աջակցելու մեխանիզմները, ինչո՞ւ չհետևել այնպիսի երկրների օրինակին, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Հունգարիան, Ռումինիան, Ճապոնիան, Կորեան, մյուս երկրները: Ինչևէ, վերադառնալով Գյոթեբորգի փառատոնին, ասեմ, որ հեղինակային ֆիլմերի ամենահայտնի կինոփառատոներից մեկն է այսօր: Մինչև իր մահը այդ կինոփառատոնի նախագահը Բերգմանն էր: Ատոմ Էգոյանն իր առաջին մրցանակը հենց այս կինոփառատոնում է ստացել: «Ժաննայի…» ամերիկյան պրեմիերան եղել է Սիեթլում, ավստրիականը` Վիեննայում` «Եկե՛ք նայենք» կինոփառատոնում: Երեք նախկին խորհրդային քաղաքներում է նաև ցուցադրվել ֆիլմը` Կիևի «Մոլոդիստ», Մինսկի «Լիստոպադ» և Թբիլիսիի կինոփառատոներում: Վերջին երեք փառատոներում «Ոսկե ծիրանի» հետ համատեղ ընտրությամբ են ցուցադրվել ֆիլմերը: ՈՒ շատ տխուր է, որ «Ժաննան և ձայները» ֆիլմի անցած այս ամբողջ ճանապարհը Հայաստանում ոչինչ չնշանակեց: Բայց ասեմ, որ ես հանձնվող մարդ չեմ: Դեռ կփորձեմ գտնել ֆիլմը հանդիսատեսին հասցնելու ճանապարհը:
-Իսկ ի՞նչ է նշանակում ֆիլմը քեզ համար, ստեղծագործական խմբի մյուս անդամների համար:
-Ես կարող եմ ասել, թե ինչ է ֆիլմը ինձ համար: Ինձ համար ֆիլմը պատմություն է մեկի մասին, որն ընդունակ է ամեն ինչ մոռանալու, հետևելու միայն սրտի ձայնին և քայլելու Հայաստանով մեկ, որպեսզի գտնի իրեն կանչող ձայնը, փրկի իրեն կանչող մարդուն: Ֆիլմն ավարտվում է նրանով, որ իմ հերոսուհին հասնում է այն տունը, որտեղ թաքնվում է իրեն կանչող մարդը: Եվ այն, որ նա հասնում է այդ տանը, արդեն նշանակում է, որ կա լույսի շողը: Իսկ եղածն ընդամենը շող է, թե շողից ավելին, այսօր ոչ մեկս չգիտի: Ինձ թվում է` ֆիլմն այն մասին է, որ պետք է հավատալու ուժ ունենալ` քայլելու համար այն ճանապարհով, որը կանչում է քեզ: Այդ դեպքում մարդը կգտնի իր փնտրածը, և այդ ժամանակ լույսի շող կլինի: Ինձ համար Հայաստանում այսօր ամենաշատը պակասում է հավատալու ուժը: Մեր ֆիլմը հենց այդ մասին է: Ժաննայի հերոսը հեքիաթի հերոս է, հեքիաթի հերոսի սկզբունքով է շարժվում: Դա լեգենդի, առասպելի, հեքիաթի հերոսի պահվածք է: Ժաննան ինձ համար նույնքան լուսավոր է, որքան Անկիմյուրի բնակիչները: ՈՒղղակի հեքիաթի հերոսից տարբերվում է նրանով, որ չի խոսում, միայն քայլում է, գնում` գտնելու այն կետը, որը պետք է իրեն ու այդ կետում իրեն սպասողին:

-Ասում ես, որ քեզ համար ամենահոգեհարազատ ոլորտը դերասանությունն է: Դա, ի վերջո, հանգեցրեց նրան, որ նկարահանվեցիր մեր աշխարհահռչակ հայրենակցի` Ատոմ Էգոյանի ֆիլմում: Ինչպե՞ս դա պատահեց:
-Կինոն միշտ իմ երազանքն է եղել: Սկսել եմ կոմեդիայից, շարունակում եմ դրամայով: Բոլոր կերպարներս շատ տարբեր են: Կերպարանափոխվելն ինձ համար ամենահետաքրքիր բանն է: Լինել դերասան նշանակում է ամեն անգամ ծնունդ տալ նոր հերոսի: Դա առհասարակ ընկած է մշակույթի հիմքում` անկախ ժանրային դրսևորումից: Գործունեության բոլոր տեսակներում էլ ես նույն բանն եմ անում, արտահայտչամիջոցներն են տարբեր: Ատոմ Էգոյանի «Լուսավորիչ» պայմանական անունը կրող ֆիլմում նկարվելն ունի նախապատմություն: Էգոյանի հետ ծանոթացել եմ 2005 թվականին, երբ աշխատում էի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Նրան տվել էի «Բլյում-բլյում պատմությունների» տեսաերիզը: Արձագանքը, ի զարմանս ինձ, եղավ կարճ ժամանակ անց: Նա հավանել էր իմ աշխատանքը, և ես շուտով ստացա իր ֆիլմում նկարվելու հրավերը: Դա էքսպերիմենտալ ֆիլմ է: Գրիգոր Լուսավորչի, Խոր վիրապի թեման է հիմքում: Մենք հաճախ իմպրովիզացիաներով էինք նկարահանվում: Ես խաղում էի և՛ հայերեն, և՛ անգլերեն տեքստով: Հեշտ չէր, իհարկե, բայց շատ հետաքրքիր էր: Էգոյանը թույլ է տալիս դերասանին ֆիլմում ստեղծագործել: Ես չգիտեմ, թե երբ կավարտվի ֆիլմը, որովհետև Էգոյանն այդ աշխատանքը համարում է մեծ էքսպերիմենտ, որի ավարտին հասնելն այնքան էլ հեշտ չէ: Ֆիլմում խաղում են նաև Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Աշոտ Ադամյանը, կանադացի դերասան Արըն Փուլը: Ֆիլմում իմ հերոսուհին ունի միաժամանակ մի քանի մասնագիտություն` թարգմանչուհու, ուսուցչուհու, մանկական հեռուստահաղորդաշարի հեղինակի: Էգոյանը մտադրություն ուներ այդ ֆիլմը ցուցադրելու հոբելյանական 10-րդ «Ոսկե ծիրանին», գուցե այդպես էլ լինի, բայց վստահաբար չեմ կարող ասել: Սպասենք, մինչև հուլիս շատ չի մնացել:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ